Սումի քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, 89 մարդ վիրավորվել է
Ուկրաինայի Սումի քաղաքի վրա ռուսական հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 11-ի, 89 մարդ վիրավորվել է։ «Սուսպիլնե» հրատարակությունը, վկայակոչելով քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարին, հայտնում է, որ զոհվածների թվում կա երկու երեխա, վիրավորների թվում՝ 11։
«Սումիում հրթիռ է ընկել ինը հարկանի շենքի վրա։ Բոլոր անհրաժեշտ ծառայություններն արդեն տեղում են, կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Ցավակցում եմ ընտանիքներին և հարազատներին»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի ալիքում։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ավելի քան 400 մարդ է տարհանվել ռուսական հարձակման հետեւանքով վնասված ինը հարկանի բնակելի շենքից։
Բացի այդ, ջարդվել են մոտակայքում գտնվող վեց բազմահարկ տների ապակիները, վնասվել է չորս ավտոմեքենա։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուշ գիշերին ռուսական բանակը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Սումիի վրա։ Հարձակման հետեւանքով քաղաքում անջատվել է էլեկտրաէներգիան։