Ստրասբուրգի դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ օգոստոսյան պատերազմի ընթացքում Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ
Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել 2008 թվականի պատերազմի գործով: Ըստ Վրաստանի արդարադատության նախարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համաձայնել է Վրաստանի պահանջին, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ՝ 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում:
«Դատարանի մեծ պալատի կողմից այս խախտումների ճանաչմամբ հաստատվում է, որ Ռուսաստանը 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում իրականացրել է վրացիների էթնիկական զտումներ:
Ստրասբուրգի դատարանը կիսեց Վրաստանի դիրքորոշումը և ճանաչեց Ռուսաստանի պատասխանատվությունը վրացի ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի համար:
Ստրասբուրգի դատարանը կիսում է Վրաստանի դիրքորոշումը և ճանաչում Ռուսաստանի պատասխանատվությունը քաղաքացիական անձանց ազատության և անվտանգության իրավունքի խախտման համար:
Դատարանը կիսեց Վրաստանի դիրքորոշումը և հաստատեց Ռուսաստանի պատասխանատվությունը պատերազմի ընթացքում Վրաստանի քաղաքացիների սպանությունները չհետաքննելու և մի շարք այլ խախտումների համար:
Այս պատմական որոշումը Վրաստանի համար ամենակարևոր լծակն է՝ լուծելու հակամարտությունները և վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը՝ օգտագործելով միջազգային իրավական մեխանիզմներ», – ասված է արդարադատության նախարարության հայտարարության մեջ: