Ստեփանծմինդա-Գվելեթի ավտոճանապարհի հատվածում կկառուցվի Վրաստանում ամենաերկար՝ երկու կիլոմետրանոց կամուրջը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի հատվածներից մեկում՝ Ստեփանծմինդա-Գվելեթիի միջև, շինարարությունն ակտիվ փուլում է:
Գերատեսչության տվյալներով՝ գոյություն ունեցող ճանապարհը չէր համապատասխանում ժամանակակից տարանցիկ մայրուղու չափանիշներին և զգալիորեն վնասված էր, ինչի պատճառով դրա պարզ վերականգնումն այլևս չէր կարող ապահովել անհրաժեշտ անվտանգությունն ու թողունակությունը, ինչն էլ պայմանավորեց հատվածի ամբողջությամբ նորովի կառուցման անհրաժեշտությունը:
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ նոր ճանապարհի նախագիծը նախատեսում է 2-երթևեկելի գոտի ունեցող, 4.5 կմ երկարությամբ ճանապարհի, երկու կամրջի և երկու թունելի կառուցում, այդ թվում՝ Վրաստանում ամենաերկար՝ երկու կիլոմետրանոց կամրջի կառուցումը:
Շինարարական հատվածը գտնվում է Ղազբեգիի մունիցիպալիտետում և անցնում է Ստեփանծմինդայից մինչև Դարիալիի նոր թունել: Այժմ 460 մետր երկարությամբ թունելն արդեն հորատված է, և ընթանում են ներքին երեսպատման աշխատանքները, իսկ երկրորդ՝ 846 մետր երկարությամբ թունելի վրա ընթանում են հորատման աշխատանքներ: Երկու թունելներում էլ իրականացվում է նաև հիմնասյուների (ցցերի) տեղադրում:
Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածը ճանապարհի ամենաբարդ և միևնույն ժամանակ ամենակարևոր մասերից է: Դրա ավարտից հետո էապես կբարելավվեն ինչպես երթևեկության անվտանգությունը, այնպես էլ տարվա ցանկացած եղանակին տարածաշրջանի հասանելիությունը անհրաժեշտ ծառայություններին:
Նախագծի արժեքը 215.5 միլիոն լարի է, իսկ դրա ավարտը նախատեսված է 2027 թվականին:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը երկրի տարանցիկ գործառույթի համար նշանակալի մայրուղի է. այն E117 եվրոպական երթուղու և Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս է կազմում ու կարևոր դեր է խաղում միջազգային բեռնափոխադրումների խթանման գործում: Ճանապարհի արդիականացումը շարունակվում է մի քանի ուղղություններով, այդ թվում՝ նույն ճանապարհին ընթանում է Քվեշեթի-Կոբի 23 կմ-անոց հատվածի և 9 կմ-անոց թունելի շինարարությունը, որտեղ հիմնական՝ 9 կմ-անոց թունելն արդեն հորատված է, իսկ մինչև տարեվերջ կավարտվի դեպի Գուդաուրի տանող նոր ճանապարհի շինարարությունը:
Ընթացիկ և ծրագրված նախագծերի ավարտից հետո տեղի բնակչությունը հնարավորություն կունենա տարվա ցանկացած եղանակին անվտանգ օգտվել ճանապարհից և հասանելիություն ստանալ անհրաժեշտ տնտեսական ու սոցիալական ծառայություններին:
Տեղեկատվությունը տարածում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: