Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են

17:40, 02.06.2025

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև խաղաղության բանակցություններն ավարտվել են։

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև հանդիպումը սկսվել է մոտավորապես ժամը 15:50-ին և տևել է ավելի քան մեկ ժամ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ներկայացուցիչները ձեռքսեղմում չեն արել։

Ռուսական պատվիրակությունը կրկին գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրանից բացի, պատվիրակության կազմում են՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ստամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կրկին գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փոփոխություններ է կատարել ուկրաինացի բանակցողների կազմում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում են երեք նոր անդամներ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Յուրի Կովբասան՝ անվտանգության և պաշտպանության ոլորտի մարմինների համակարգում մարդու իրավունքների հարցերով լիազորի ներկայացուցիչը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Եվգենի Օստրիանսկին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետի տեղակալ Անդրեյ Ֆոմինը։

Հանդիպման սկզբում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ողջույնի խոսքով հանդես եկավ և նշեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել: Ֆիդանի խոսքով՝ երկրորդ փուլում նախատեսվում է քննարկել հրադադարի և գերիների փոխանակման հարցերը։

«Այսօր այս հանդիպման ժամանակ մենք կգնահատենք երկու կողմերի տեսակետները հրադադարի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկենք մարդասիրական նախաձեռնությունները և առաջնորդների հնարավոր հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները: Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև կանոնավոր հանդիպումները շատ արժեքավոր են երկու կողմերի միջև վստահության կառուցման առումով: Որքան հաճախ քննարկենք այս հարցերը, այնքան մեր դիրքորոշումները կմոտենան: Ես կարծում եմ, որ այս հանդիպումը հնարավորինս արդյունավետ կլինի, և մենք կհասնենք կոնկրետ նպատակների՝ հնարավորինս շուտ հրադադարի հասնելու ճանապարհին», – ասաց Հաքան Ֆիդանը։

Նմանատիպ