Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակցության ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Associated Press»-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ցուցարարները եկել էին դատարանի շենք՝ աջակցելու քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հատուկ ջոկատայինները արգելափակել են քաղաքական գործիչներին սպասարկող հատուկ ավտոբուսը։ Դրան հաջորդել է ցուցարարների ու ոստիկանների բախումը, իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ավելի ուշ Իմամօղլուն այլ վայրից դիմել է ամբոխին։
«Այսօրվա խնդիրը արդարադատության, իրավունքների ու արդարության ձգտման խնդիրն է։ Ցավոք սրտի, այսօրվա հարցը բխում է Ստամբուլի դեմ նախապատրաստվող դավադրությունից»,- ասել է Էքրեմ Իմամօղլուն։
Ըստ լրատվամիջոցների՝ Իմամօղլուն կանչվել է դատարան՝ ցուցմունք տալու։ Ստամբուլի քաղաքապետն արդեն դատապարտվել է Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդի անդամներին վիրավորելու համար, իսկ եթե նրա դատավճիռը հաստատվի վերադաս դատարանի կողմից, ապա Իմամօղլուին քաղաքական գործունեության արգելք է սպառնում։
Ըստ լրատվամիջոցների՝ Իմամօղլուն մեղադրվում է նաև 2015 թվականի մրցույթի ենթադրյալ կեղծմանը մասնակցելու մեջ։