Սպիտակ տունը նշում է, որ Դոնալդ Թրամփի հայտարարած կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարը չի վերաբերի սննդի տալոններին և սոցիալական օգնությանը
Սպիտակ տունը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարը չի ազդի սննդի տալոնների և սոցիալական օգնության վրա։
Ինչպես լրագրողներին ճեպազրույցում ասաց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, ֆինանսավորման կասեցումը ժամանակավոր է, և վարչակազմը հետագայում կներկայացնի ծրագրերի ցանկը, որոնց կվերաբերի այս որոշումը։
«Որոշման պատճառն այն է, որ յուրաքանչյուր ծախսված ցենտ չհակասի նախագահի կատարած հրամաններին և գործողություններին։ Վերջին չորս տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ Բայդենի վարչակազմը հարբած նավաստիների նման փող էր ծախսում: Սա է մեր երկրում գնաճային ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը։ Վարչակազմի պարտականությունն է ապահովել, որ յուրաքանչյուր ցենտը հաշվառվի բարեխղճորեն», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով, այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Բազմազանություն և հավասարություն» ծրագիրը, «Կանաչ էներգիա» նախագիծը և սոցիալական տարբեր ծրագրերն այլևս չեն ֆինանսավորվի: