Սպիտակ տուն. ԱՄՆ-ը սահմանը պաշտպանելու համար նոր միջոցներ է սահմանում, ըստ որի՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն անօրինական հատած մարդիկ ապաստան չեն ստանա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սահմանը պաշտպանելու համար նոր միջոցներ է սահմանում, որոնց համաձայն՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանն անօրինական հատած մարդիկ ապաստան չեն ստանա, հայտարարել է Սպիտակ տունը։
«Նախագահ Բայդենը կարծում է, որ մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները։ Այդ իսկ պատճառով նա այսօր գործադիր հրաման է արձակել՝ կանխելու մեր հարավային սահմանը ապօրինի հատող ապաստան հայցողներին: Այդ գործողությունները կնախաձեռնվեն այն ժամանակ, երբ հարավային սահմանին միջադեպերի բարձր մակարդակը կգերազանցի ժամանակին արձագանքելու մեր հնարավորությունները, ինչպես դա տեղի է ունենում այսօր»,- ասված է հաղորդագրությունում։
Բայդենի վարչակազմն ասում է, որ նոր միջոցները կհեշտացնեն ներգաղթի պաշտոնյաների արտաքսումը ԱՄՆ-ում անօրինական կերպով գտնվող մարդկանց:
«Այս միջոցներով Արդարադատության նախարարությունը կկարողանա ավելի արագ ընթացք տալ գործերին, իսկ Ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա արտաքսել մարդկանց, ովքեր օրինական հիմք չունեն երկրում գտնվելու համար», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Սպիտակ տունը պնդում է, որ միջոցառումները ժամանակավոր են և կչեղարկվեն, երբ սահմանը հատող միգրանտների թիվը հասցվի անվտանգ մակարդակի, և գործընթացը կառավարելի լինի:
Ներգաղթը ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի գլխավոր խնդիրներից է։