Սպիտակ տանն արգելել են անձնական բջջային հեռախոսների օգտագործումը
Սպիտակ տանն արգելել են անձնական բջջային հեռախոսների օգտագործումը

Սպիտակ տան աշխատակիցներին արգելել են աշխատանքի ժամանակ անձնական բջջային հեռախոսներ օգտագործել Արևմտյան թևում, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։

«Սպիտակ տան տեխնոլոգիական համակարգերի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը հանդիսանում են Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն, այդ իսկ պատճառով սկսած հաջորդ շաբաթվանից Արևմտյան թևում այլև չի թույլատրվի անձնական սարքերի օգտագործումը, ո՛չ հյուրերին, ո՛չ անձնակազմին»,-ասվում է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսի հաղորդագրությունում։

Աշխատակիցները կօգտվեն ծառայողական սարքերից։ Արգելքը պահանջել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Թրամփը նախկինում բազմիցս գանգատվել է դեպի ԶԼՄ-ներ տեղեկատվության արտահոսքերից, սակայն այս անգամ նախագահի աշխատակազմում հաստատում են, որ որոշումը կապված չէ արտահոսքերի հետ։