Սպիտակ տանը Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին
Սպիտակ տանը Ջո Բայդենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Հանդիպումը տեղի կունենա Ջո Բայդենի՝ Նյու Յորքում նախատեսված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից Վաշինգտոն վերադառնալուց հետո։
«Սա կլինի նրանց երրորդ հանդիպումը Սպիտակ տանը։ Այն կայանալու է չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը հուսահատ օգնություն է փնտրում Հյուսիսային Կորեայի նման երկրներից՝ Ուկրաինայում իր դաժան պատերազմի համար, և ուկրաինական ուժերի հակահարձակումը շարունակում է զարգանալ», – ասել է Սալիվանը:
Բացի այդ, Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է նաև, որ Ռամշտայնի ձևաչափով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին։
Ամերիկյան լրատվամիջոցները ևս գրում են Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ այցի մասին։ «Washington Post»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին կայցելի նաև Կոնգրես՝ համոզելու ամերիկացի օրենսդիրներին աջակցել Ուկրաինային 24 միլիարդ դոլարի օգնության հատկացմանը։