Սոչիում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Սոչիում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Նրանք քիչ մեկնաբանություններ են տվել լրատվամիջոցներին։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը՝ Սոչի գալու համար, խոսել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների բարելավման մասին։ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաեւ գազի թեմային:

«Հուսով եմ, որ մենք շուտով կավարտենք բանակցությունները Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման շուրջ՝ տարածաշրջանում էներգետիկ իրավիճակն ավելի կայուն ու հավասարակշռված դարձնելու համար։ Կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի»,- ասել է Պուտինը։

Վլադիմիր Պուտինը խոսել է նաև «հացահատիկային համաձայնագրի» մասին և ասել, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների այս հարցում։

Էրդողանը իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին հրավերի, ինչպես նաև անտառային հրդեհների և երկրաշարժերի ժամանակ ցուցաբերած օգնության համար։

Էրդողանն ասել է, որ հույս ունի, որ հանդիպման ավարտից հետո «հացահատիկային համաձայնագրի» հետ կապված կոնկրետ հայտարարություններ կլինեն։