Սննդի ազգային գործակալությունը Քվեմո Քարթլիում հայտնաբերել է անօրինական պանրի գործարաններ
Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի դեպարտամենտի տեսուչները տարածաշրջանում հայտնաբերել են պանրի չորս ապօրինի արտադրամաս։
«Անհատ ձեռնարկատեր Գ.Բ.-ն (հասցե՝ ք. Ռուսթավի, Շինարարների փողոցի տարածք) գործունեություն է ծավալել առանց տնտեսական գործունեությունների ռեեստրում գրանցվելու և գործակալության պարտադիր ճանաչում ստանալու։ Բացի այդ, օբյեկտում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ և կրիտիկական անհամապատասխանություններ։
Նաև առանց գործակալության կողմից տրված պարտադիր ճանաչման գործունեություն են իրականացրել (հում կաթի ջերմային մշակում) ՍՊԸ Cheese line-ը (ս/կ 426520883, հասցե՝ Գարդաբանի, գյուղ Թելեթի), ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ա.Ս.-ն (հասցե՝ Գարդաբանի, գյուղ Թելեթի) և Զ.Մ.-ն (Գարդաբանի, գյուղ Թելեթի)։ Բիզնես օպերատորները տուգանվել են, և նրանց արտադրական գործընթացը կասեցվել է», – ասված է Սննդի ազգային գործակալության հաղորդագրությունում։
Սննդի ազգային գործակալությունը ևս մեկ անգամ կոչ է անում բիզնես օպերատորներին ժամանակին դիմել գործակալություն՝ պարտադիր ճանաչում ստանալու պահանջով։
«Ճանաչումը գրանցված բիզնես օպերատորի գործունեության համապատասխանության հաստատումն է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Այն բիզնես օպերատորը, որի գործունեությունը կապված է կենդանական ծագման սննդամթերքի արտադրության (բացի առաջնային արտադրությունից) և/կամ վերամշակման հետ, պարտավոր է գործունեությունը սկսելուց առաջ դիմել Սննդի ազգային գործակալությանը համապատասխան հայտով։ Այն դեպքում, երբ բիզնես օպերատորի գործունեությունը լիովին համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, նրան տրվում է անժամկետ ճանաչում։
Ճանաչման ուղեցույցը, ենթակա տնտեսական գործունեությունների ցանկը և ընթացակարգը կարող եք գտնել գործակալության կայքում», – նշված է Սննդի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։