Սննդի ազգային գործակալություն. Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում արձանագրվել է շան կատաղության դեպք, վարակի աղբյուրը գայլն է
Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում, ձմեռային արոտավայրում գտնվող ֆերմայում արձանագրվել է շան կատաղության դեպք։ Այս մասին հաղորդում է Սննդի ազգային գործակալությունը։
Հայտարարության համաձայն՝ գործակալությունը իրականացնում է կարանտինային միջոցառումներ վարակի օջախում։
«Լաբորատոր հետազոտության արդյունքում շան կատաղության դեպքը հաստատվել է մայիսի 20-ին։ Բացի այդ, պարզվել է, որ վարակի աղբյուրը գայլն էր։ Սննդի ազգային գործակալությունը իրականացնում է կարանտինային միջոցառումներ՝ պարտադիր պատվաստում, կենդանիների շարժի սահմանափակում, ախտահանման աշխատանքներ և վետերինարական հսկողություն։ Դեպքի մասին տեղեկացվել են առողջապահության համապատասխան գերատեսչությունները։
Կատաղությունը վտանգավոր զոոնոզ հիվանդություն է, որը կարող է փոխանցվել ինչպես ընտանի, այնպես էլ վայրի կենդանիներին և մարդուն։ Վարակումը տեղի է ունենում հիվանդ կենդանու հետ շփման՝ կծելու կամ քերծելու միջոցով։ Կլինիկական նշանների ի հայտ գալուց հետո հիվանդությունն ավարտվում է մահվամբ։ Կենդանիների մոտ կատաղության կանխարգելումը հնարավոր է պատվաստմամբ։
Սննդի ազգային գործակալությունը տարեկան իրականացնում է կատաղության դեմ անվճար պատվաստումներ՝ պատվաստելով մինչև 300 հազար կենդանի։ Գործակալությունը կոչ է անում բնակչությանը ժամանակին պատվաստել իրենց ընտանի կենդանիներին (շուն, կատու), որպեսզի կանխեն նրանց վարակումը և չվտանգեն իրենց կյանքը», – ասվում է հայտարարության մեջ։