Սլովակիան Ուկրաինային է հանձնել S-300 հրթիռային համակարգ
Սլովակիան Ուկրաինային է հանձնել S-300 հրթիռային համակարգ

Սլովակիան Ուկրաինային է հանձնել S-300 հրթիռային համակարգ։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը։

«Ես կարող եմ հաստատել, որ Սլովակիան Ուկրաինային է հանձնել S-300 հակաօդային պաշտպանության համակարգը ռուսական ագրեսիայի պատճառով»,- ասել է Հեգերը, ով այսօր ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին եղել է Ուկրաինայում:

ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիան ունի խորհրդային արտադրության S-300 հրթիռային համակարգի մեկ մարտկոց, որը ստացել է 1993 թվականին Չեխոսլովակիայի փլուզումից հետո:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ օտարերկրյա պետությունը հակաօդային պաշտպանության համակարգ է ուղարկում Ուկրաինա։

Հեգերի խոսքով՝ Սլովակիայի օդային պաշտպանությունն ապահովված է։ Մարտին ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան և Նիդեռլանդները Սլովակիա են բերել «Patriot» օդային համակարգի երեք մարտկոց։ Սլովակիայի վարչապետի խոսքով՝ երկիրը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հակաօդային պաշտպանության համար լրացուցիչ սարքավորումներ կստանա։