Սկսվել է Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Ռումինիա

20:57, 10.10.2022

Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցը Ռումինիա։

Բուխարեստի «Հենրի Կոանդա» միջազգային օդանավակայանում կայացել է Սալոմե Զուրաբիշվիլիի դիմավորման արարողությունը։

Նախագահին «Հենրի Կոանդա» միջազգային օդանավակայանում դիմավորել են՝ Ռումինիայում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, արտաքին գործերի նախարարության պետական ​​քարտուղար Ջուլիան Ֆոտան, Վրաստանում Ռումինիայի դեսպան Ռազվան Ռոտունդուն։

Ռումինիայում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլիի խոսքով, այս այցը ունի և՛ խորհրդանշական, և՛ գործնական նպատակ։ Նրա պարզաբանմամբ՝ այցին պատմական նշանակություն է տալիս այն փաստը, որ նախագահները ստորագրելու են փաստաթուղթ՝ «Վրաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական հարաբերություններ հաստատելու մասին» համատեղ հռչակագիրը։

«Ռումինիան Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան նկրտումների անսասան կողմնակիցն է։ 2019 թվականին մենք նշեցինք վրաց-ռումինական հարաբերությունների 300-ամյակը, իսկ այս տարի նշում ենք դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման երեսունամյակը։ Վրաստանի նախագահը հանդիպում կունենա իր ռումինացի գործընկերոջ՝ նախագահ Կլաուս Յոհանիսի, ինչպես նաև վարչապետի և Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի և Սենատի նախագահների հետ։ Վրաստանի նախագահը կայցելի նաև Ռումինիայի Կոստանցա նավահանգստային քաղաք»,- ասել է Ռումինիայում Վրաստանի դեսպանը։

Վրաստանի պաշտոնական պատվիրակության կազմում են՝ Ռումինիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան, Ռումինիայի խորհրդարանի հետ բարեկամության խմբի անդամ Թեոնա Աքուբարդիան, Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության փոխտնօրեն Իվանե Աբաշիձեն, Վրաստանի Կասպից և Սևծովյան տարածաշրջանների էներգետիկայի և տարանցման հարցերով նախագահի խորհրդական Լիանա Ջերվալիձեն:

Տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։

Նմանատիպ