«Սքայ Նյուզի» տեղեկություններով՝ ԱՄՆ-ի արձակած արկը դիպել է Բուշերի ատոմակայանի պարագծին

16:30, 09.07.2026

ԱՄՆ-ի կողմից արձակված արկը դիպել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի տարածքին. այս մասին տեղեկատվություն է տարածում «Սքայ Նյուզ»-ը (Sky News)՝ հղում անելով Իրանի պետական լրատվամիջոցներին։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ-ը Բուշերի նահանգում հարվածներ է հասցրել մի քանի տեղանքների ուղղությամբ։ Տարածված լուրերի համաձայն՝ նահանգում պայթյունների ձայներ են լսվել նաև առավոտյան։

Ավելի վաղ՝ ընթացիկ տարվա մարտին, Բուշերի միջուկային օբյեկտը դարձել էր ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների թիրախը։ Այդ ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) զգուշացրել էր կողմերին, որ նմանատիպ հարձակումները կարող են առաջացնել «մասշտաբային ռադիոլոգիական վթար»։ Սա Իրանի առաջին ատոմային էլեկտրակայանն է, որը բացվել է 2011 թվականին և աշխատում է Ռուսաստանում արտադրված ուրանով։

Իրանը հարձակումներին պատասխանում է Պարսից ծոցի երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելով։ «Սքայ Նյուզ»-ի տեղեկություններով՝ Հորդանանում օդային տագնապ է հնչել այն բանից հետո, երբ երկրի օդային տարածքում Իրանից արձակված հրթիռներ են հայտնաբերվել։

Հորդանանի կառավարության մամուլի խոսնակի հայտարարությամբ՝ բոլոր հրթիռները չեզոքացվել են։ Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Հորդանանի զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստվածության վիճակում և կդիմակայեն ցանկացած սպառնալիքի։

Վերջին երկու գիշերների ընթացքում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներին ի պատասխան՝ Իրանը գրոհներ է գործել Պարսից ծոցի երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում, Բահրեյնում և Կատարում գտնվող ԱՄՆ ռազմաբազաների ուղղությամբ։

Նմանատիպ