Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 40 անձ
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 40 անձ

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է մոտ 40 անձ։ Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հարակից խմբավորումների 85 թիրախներին՝ ի պատասխան անցյալ շաբաթ Հորդանանի բազայի վրա կատարված հարվածի։

ԱՄՆ դեսպանը կանչվել է Իրաքի արտաքին գործերի նախարարություն և նրա դեմ պաշտոնական բողոք է հայտարարվել։ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը հայտարարել են, որ հարվածների հետևանքով զոհվել է իր 16 անդամ, այդ թվում՝ մարտիկներ և բուժաշխատողներ: «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» միավորում է մի քանի խմբերի, այդ թվում՝ Իրանի կողմից աջակցվող խմբերի։ Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտնել էր, որ հարվածների հետևանքով զոհված 16 մարդկանց թվում կան խաղաղ բնակիչներ։

Ինչպես հայտնում է Reuters-ը, ԱՄՆ-ը ռմբակոծել է իրաքյան Ալ-Քաիմ քաղաքում գտնվող բնակելի թաղամասը, որտեղ, ըստ տեղացիների, զինված խմբավորումները զենքի պահեստներ են ունեցել։ Տեղական աղբյուրների համաձայն՝ Հորդանանի բազայի վրա հարձակումից հետո կործանիչները լքել են տարածքը։

«Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոն»-ի տվյալներով՝ Սիրիայում ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է 23 մարդ, ովքեր պաշտպանում էին թիրախային օբյեկտները։

Պենտագոնը հայտնել է, որ ավիահարվածների թիրախ են դարձել Իրանի կողմից աջակցվող խմբավորումների հրամանատարա-վերահսկման կենտրոնները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարանները, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման օբյեկտները։

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 7-ին, ավելի քան 160 հարձակում է իրականացվել ԱՄՆ-ի ուժերի վրա Իրաքում, Սիրիայում և Հորդանանում։

Հորդանանում Սիրիայի սահմանի մոտ գտնվող ռազմաբազայի վրա հարձակում է իրականացվել հունվարի 28-ին, որի արդյունքում երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 40 մարդ վիրավորվել։ ԱՄՆ գնահատմամբ՝ հարվածը հասցրած անօդաչու թռչող սարքը իրանական արտադրության էր։