Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դամասկոսում բնակելի շենքի վրա իսրայելական հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել
Դամասկոսում բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ փրկարարները դեռ փնտրում են փլատակների տակ մնացածներին։
Հարձակումն իրականացվել է Դամասկոսի թաղամասում, որտեղ գտնվում են դեսպանատներն ու անվտանգության ծառայությունների կենտրոնակայանները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման ենթարկված շենքի առաջին մի քանի հարկերն ամբողջությամբ ավերվել են։ Բացի այդ, տուժել է քսան ավտոմեքենա։
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այս շաբաթ Լիբանանի հարավում հասցված հարվածների հետևանքով զոհվել է Հեզբոլլահի առնվազն 50 անդամ։ Նրանց տվյալներով՝ զոհվածների թվում են «Հեզբոլլահի» վեց հրամանատարներ։
«Հեզբոլլահը» դեռ չի մեկնաբանել վերոնշյալ զեկույցը։
Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամում Իսրայելի հարձակումների հետեւանքով զոհվել է 36, վիրավորվել՝ 150 մարդ։