Սիղնաղիի մունիցիպալիտետի Էրիսիմեդ գյուղում այսօրվանից սահմանափակվում է տեղաշարժը
Սիղնաղիի մունիցիպալիտետի Էրիսիմեդ գյուղում այսօրվանից սահմանափակվում է տեղաշարժը:
Համաճարակաբաններն այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ նույն ընտանիքում 65-ամյա տղամարդու և 60 տարեկան կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս և պարզվել է, որ նրանք գյուղում շատերի հետ են ունեցել շփում:
Նրանց վարակման աղբյուրը հայտնի չէ, սակայն հատկանշական է, որ տղամարդը մեկ ամիս առաջ գտնվում էր Աջարիայում:
Վարակակիր ամուսինները տեղափոխվել են Թբիլիսիի կովիդ-կլինիկա:
Համաճարակաբանները Էրիսիմեդ գյուղ մուտք գործող և դուրս եկող բոլոր անձանց կջերմաչափեն, իսկ այն անձինք, ովքեր կունենան կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ, կանցնեն «ՊՇՌ» հետազոտություն:
Այսօրվանից հեռավար ուսուցման կանցնի նաև գյուղի հանրային դպրոցը:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի փոխանցմամբ, սեպտեմբերից մինչ օրս Կախեթիում արձանագրված է կորոնավիրուսի 74 դեպք: Մեկուսացման մեջ է 55-ը, ինքնամեկուսացման մեջ՝ ավելի քան 200-ը:
Կովիդ-կլինիկայում բուժում է անցնում 21 պացիենտ, ապաքինվել է 43-ը: