«Սի Էն Էն» - Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ անհամաձայնությունները խոչընդոտում են Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը
Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ անհամաձայնությունները խոչընդոտում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը, հաղորդում է Սի Էն Էն-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Անհամաձայնություններին չնայած, անանուն աղբյուրները նշում են, որ դեռևս լավատեսության հիմքեր կան։
«Երկուշաբթի օրը Կատարում իրանական պատվիրակության ներկայությունը, որի մեջ էին նաև Թեհրանի բանակցային թիմի բարձրաստիճան անդամները, դրական նշան էր», – ասել է աղբյուրներից մեկը։
Ինչպես հաղորդում է Սի էն էն-ը, Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից հաստատուն պարտավորություններ՝ ոչնչացնելու հարստացված ուրանի պաշարները և չկառուցելու միջուկային զենք։ Սակայն Իրանը հայտարարում է, որ չի քննարկելու իր միջուկային ծրագրի մանրամասները և այն կթողնի բանակցությունների հաջորդ փուլի համար։
«Սա բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկն է», – ասել է բարձրաստիճան պաշտոնյան։
Թեհրանը նաև պահանջում է պարտավորություններ՝ վերացնելու պատժամիջոցները և ազատելու սառեցված ակտիվները, մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ֆինանսական օգնություն չի լինի, մինչև միջուկային հարցում առաջընթաց չգրանցվի։