«Սի Էն Էն» – «Արտեմիս II» առաքելության շրջանակներում Լուսին թռչող «Օրիոն» տիեզերանավի վրա հեղուկ թափոնների հեռացման հետ կապված խնդիր է առաջացել

15:40, 05.04.2026

«Սի Էն Էն» գործակալության տվյալներով՝ «Արտեմիս II» առաքելության շրջանակներում Լուսին թռչող «Օրիոն» տիեզերանավի վրա հեղուկ թափոնների հեռացման հետ կապված խնդիր է առաջացել։ Առաքելության ղեկավարի խոսքով՝ ջրատարում, կարծես, սառույց է առաջացել։ Դրա պատճառով ՆԱՍԱ-ի մասնագետները որոշեցին պտտել տիեզերանավը այնպես, որ այս ալիքը ուղղված լինի դեպի Արեգակը, և առաջացած սառույցը այս կերպ հալվի։

«Սի Էն Էն»-ի տվյալներով՝ հնարավոր է եղել հեռացնել կուտակված հեղուկ թափոնների մի մասը՝ դրանք տիեզերքի վակուում նետելով։

Խնդրի պատճառով «Օրիոն»-ի անձնակազմին խորհուրդ է տրվել զուգարանն օգտագործել միայն պինդ թափոնների համար, իսկ հեղուկը հավաքելու համար՝ օգտագործել հատուկ տարաներ։

«Օրիոն» տիեզերանավը մեկնարկել է ԱՄՆ-ի արևելյան ափից ապրիլի 1-ին։ Նավի վրա են գտնվում ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Ռեյդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Քրիստինա Քուքը, ինչպես նաև Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջերեմի Հանսենը։

Անձնակազմը տասը օր կանցկացնի Լուսնի շուրջ պտտվելով և կվերադառնա հետ։

Նմանատիպ