Սի Ձինփին. ԵՄ-ն և Չինաստանը պետք է ավելի սերտ կապեր ունենան
Սի Ձինփինի կարծիքով՝ Եվրամիությունն ու Չինաստանը պետք է ավելի սերտ կապեր ունենան։ Չինաստանի ղեկավարն այս մասին հայտարարել է Փարիզ կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Սի Ցինփինի խոսքով՝ «աշխարհում երկու կարևոր տերություններ պետք է գործընկերային դիրքորոշում որդեգրեն, պետք է հետամուտ լինեն երկխոսության և համագործակցության»։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ երկու կողմերը պետք է իրականացնեն ռազմավարական համագործակցություն և նպաստեն «կայուն և առողջ զարգացմանը, նպաստեն համաշխարհային խաղաղությանն ու զարգացմանը»։
Իր հերթին Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Չինաստանը և Եվրամիությունը պետք է հավասար պայմաններ ապահովեն բոլոր դերակատարների համար։ Նրա խոսքով, միջազգային իրավիճակն ավելի է կարևորում ԵՄ-Չինաստան երկխոսությունը։ Նրա խոսքով, հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի հարցը եւ ներկայիս իրավիճակը Մերձավոր Արեւելքում։
Մակրոնի խոսքով, շատ կարևոր է, որ այդ հարցերի շուրջ Չինաստանի և Եվրամիության միջև համակարգում լինի։
Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է նաև Չինաստանի եւ Եվրամիության միջև համագործակցության կարեւորության մասին։
«ԵՄ-ն և Չինաստանը ցանկանում են լավ հարաբերություններ, և հաշվի առնելով Չինաստանի գլոբալ կշիռը, մեր համագործակցությունը կարևոր է փոխադարձ հարգանք ապահովելու, թյուրիմացություններից խուսափելու և գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու համար»: ԵՄ-ն և Չինաստանը ընդհանուր շահ ունեն խաղաղության և անվտանգության հարցում. Մենք վճռական ենք դադարեցնել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել առևտրային հարաբերություններում առկա մարտահրավերների վրա։
«Մեր օրական ապրանքաշրջանառությունը կազմում է 2,3 միլիարդ եվրո, սակայն այս հարաբերություններում կան մարտահրավերներ։ Օրինակ՝ պետության կողմից առաջացած գերհզորությունը, շուկայի անհավասար հասանելիությունը և գերկախվածությունը: Մենք այսօր կքննարկենք այդ հարցերը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ի գիտություն, Եվրամիությունը մտահոգված է Չինաստանի կառավարության կողմից որոշ ոլորտներում իրականացվող պետական սուբսիդիաներով, որոնք, ըստ Բրյուսելի, անհավասար պայմաններ են ստեղծում և վտանգում Եվրամիության շուկան։