Սի Ցզինպինը Ֆրանսիա է ժամանել իր եվրոպական շրջագայության շրջանակներում
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը պաշտոնական այցի շրջանակներում ժամանել է Ֆրանսիա։ Սրանով Սի Ցզինպինը սկսեց իր նախատեսվող վեցօրյա շրջագայությունը եվրոպական երկրներ։
Չինաստանի նախագահին օդանավակայանում դիմավորել են Ֆրանսիայի վարչապետը և այլ պաշտոնյաներ։
Սի Ցզինպինի խոսքով՝ ինքը նախատեսում է հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, Չինաստանի հարաբերությունները Եվրամիության հետ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։ Ըստ տեղեկությունների՝ Սի Ցզինպինը կհանդիպի նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Ըստ լրատվամիջոցների՝ Ֆրանսիան կփորձի առաջընթաց գրանցել գյուղմթերքների արտահանման համար չինական շուկայի բացման հարցում։ Միաժամանակ Ֆրանսիան ցանկանում է ստիպել Չինաստանին ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայում։
Չինաստանի նախագահը Ֆրանսիայում է Էմանուել Մակրոնի հրավերով։ Ֆրանսիայից հետո Սի Ցզինպինը կմեկնի Սերբիա և Հունգարիա։
Սի Ցզինպինը վերջին անգամ Եվրոպայում եղել է հինգ տարի առաջ՝ Իտալիա կատարած այցի ժամանակ։