Սի Ցզինպին. Պաղեստինի հարցի լուծման միակ արդյունավետ միջոցը անկախ Պաղեստին պետության ստեղծումն է
Պաղեստինի հարցի լուծման միակ արդյունավետ միջոցը պաղեստինյան անկախ պետության ստեղծումն է,- ասված է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի շնորհավորական տեքստում, որը նա ուղարկել է Պաղեստինի ժողովրդի համերաշխությանը նվիրված ՄԱԿ-ի հանդիպման մասնակիցներին։
Չինաստանի նախագահի խոսքով՝ Պաղեստին պետությունը պետք է լիակատար ինքնիշխանություն ունենա՝ հիմնված 1967 թվականի սահմանների վրա, իսկ Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը։
Սի Ցզինպինի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել պաղեստինյան տնտեսության կարիքները, ժողովրդի կենսապահովումը, իսկ միջազգային հանրությունը պետք է մեծացնի զարգացմանն ուղղված օգնությունն ու հումանիտար օգնությունը Պաղեստինին։
«Չինաստանն առաջ է քաշել գլոբալ անվտանգության նախաձեռնություն, աջակցում է երկխոսության և խորհրդակցության միջոցով երկրների միջև տարաձայնությունների և վեճերի լուծմանը», – ասել է Չինաստանի նախագահը։