Շվեյցարիայում ձերբակալել են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ կասկածվող դեռահասների
Շվեյցարիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող դեռահասների։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շաֆհաուզեն կանտոնում ձերբակալված երիտասարդները կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
Շվեյցարիայի դատախազությունը չի բացառում, որ ձերբակալվածները նախկինում կապի մեջ են եղել Գերմանիայում ձերբակալված դեռահասների հետ, ովքեր պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել իսլամիստական դրդապատճառներով։
Ըստ գերմանացի իրավապահների՝ 15 և 16 տարեկան երիտասարդները նախապատրաստում էին կանխամտածված սպանություններ և բռնության լուրջ գործողություններ, որոնք կվտանգեն պետության անվտանգությունը։ Տեղեկություններ կան, որ երիտասարդները սոցիալական ցանցերում խոսում էին իրենց ծրագրի մասին։ Քննարկվել են սինագոգների և եկեղեցիների, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքների վրա հարձակումները։
Հարձակման հավանական թիրախ են անվանվել Դորտմունդ, Դյուսելդորֆ և Քյոլն քաղաքները։