Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրում հրդեհը, հավանաբար, տեղի է ունեցել շամպայնի շշերի վրա ամրացված հրավառության պատճառով, հայտնում են տեղական իշխանությունները
Շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում հրդեհը, հավանաբար, առաջացել է շամպայնի շշերի վրա ամրացված հրավառության պատճառով, որը շատ են մոտեցրել առաստաղին: Այս մասին հայտարարել են տեղական իշխանությունները։
Վերջին տվյալներով, ռեստորանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 119 մարդ։
Քննությունը կկենտրոնանա դեպքի վայրում օգտագործված նյութերի, ռեստորանի հրդեհային անվտանգության միջոցառումների, դրա տարողունակության և հրդեհի պահին ներսում գտնվող մարդկանց թվի վրա։ Հետաքննությունը կուսումնասիրի, թե արդյոք անհրաժեշտ է քրեական հետապնդում։
«Եթե դա այդպես է, և եթե այդ մարդիկ դեռ կենդանի են, նրանց դեմ գործ կհարուցվի», – ասել է Վալե կանտոնի գլխավոր դատախազ Բեատրիս Պիլուն։
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի հետևանքով վիրավորվածների մեծ մասը շարունակում է մնալ ծանր վիճակում։
Պաշտոնապես նույնականացված 113 մարդկանցից 71-ը շվեյցարացի են, 14-ը՝ ֆրանսիացի, 11-ը՝ իտալացի և չորսը՝ սերբ։ Վիրավորների թվում է 19-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստ Թահիրիս դոս Սանտոսը, որը խաղում է «Մետցում»։ Ակումբը հայտնել է, որ դոս Սանտոսը հրդեհի հետևանքով «ծանր այրվածքներ» է ստացել և ուղղաթիռով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժման համար։