Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել

Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աղետը տեղի է ունեցել գիշերը։ Աղետի հետեւանքով մեքենաների մի մասը դուրս է ընկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Միջադեպը տեղի է ունեցել Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Գյոթեբորգը և Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն կապող ճանապարհին։

Սողանքի հետեւանքով վնասվել է 14 հազար քմ տարածք։ Հրշեջ-փրկարարները ուղղաթիռով սողանքի տարածքից դուրս են բերել մի քանի հոգու։ Երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Շվեդիայի տրանսպորտի վարչության տվյալներով՝ աղետի պատճառ է դարձել հորդառատ անձրեւը։ Երկրաբանները չեն բացառում սողանքի կրկնությունը։

Ոստիկանությունում կատարվածի մյուս վարկածը մոտակա ճանապարհին ընթացող շինարարական աշխատանքներն են, թեեւ դա դեռ հաստատված չէ։