Շուրջ 60 կազմակերպություն դիմում է ժողովրդական պաշտպանին՝ որպես Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ աջակցի Իզաբելա Օսիպովայի թեկնածությանը
Շուրջ 60 կազմակերպություն դիմում է ժողովրդական պաշտպանին՝ որպես Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ աջակցի Իզաբելա Օսիպովայի թեկնածությանը

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ շուրջ 60 կազմակերպություն դիմում է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային՝ հաշվի առնել ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների պահանջը և որպես Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ թեկնածու խորհրդարանին ներկայացնի Իզաբելա Օսիպովային և աջակցի նրան:

Կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօրվա մամլո ասուլիսին տարածել են  դիմումը, որտեղ նշված է, որ իրավապաշտպան և լրագրող Իզաբելա Օսիպովան ունի բոլոր ազգությունների ներկայացուցիչների մեծ վստահությունը, անկախ է և բոլոր համար ընդունելի թեկնածու:

«Մեր երկրի, Վրաստանի համար, կարևոր մարտահրավերներից մեկը մնում է քաղաքացիական ինտեգրումը և ազգամիջյան հարաբերություններում գոյություն ունեցող բարդությունները հաղթահարելու հարցերը: Նշված ոլորտում կուտակված մարտահրավերների հաղթահարման համար հարկավոր է ձեռնարկել քայլեր, որտեղ առանձնահատուկ նշանակություն է տրվում բնակչության լիիրավ լրատվականացմանը, մի կողմից ազգային փոքրամասնությունները պետք է լրատվություն ստանան երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և երկրորդը, մեծամասնությունը պարբերաբար պետք է տեղյակ լինի երկրում բնակվող էթնիկ ոչ վրացիների մասին:

Վրաստանում գործող ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների ներկայացուցիչներս աջակցում ենք քաղաքացիական ինտեգրման գործընթացին, սակայն նրա հաջող իրականացման համար հարկավոր է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկվեն բոլոր գործողություններին:

Քաղաքացիական ինտեգրման գործընթացի հաջողության մեջ իր մեծ դերը կարող է կատարել Հանրային հեռարձակողը:

Քաղաքացիական ինտեգրման ոլորտում հանրային հեռարձակողի գործունեության արդյունավետության ավելացման և նրանում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը ապահովելու համար հարկավոր է, որ հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի կազմում ընդգրկվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնի է, Վրաստանի խորհրդարանը մրցույթ է հայտարարել հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամներին ընտրելու համար:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամի պաշտոնում մենք աջակցում ենք տիկին Բելա Օսիպովայի թեկնածությանը, ով մարդու իրավունքների պաշտպանության և մամուլի ոլորտում ունի աշխատանքային մեծ փորձ, նա արժանի և արհեստավարժ կադր է և հարգված է բոլոր ազգերի ներկայացուցիչների կողմից: Տիկին Բելան բազմաթիվ տարիների ընթացքում ծառայում էր ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործին և գտնում ենք, որ նրա հոգաբարձական խորհրդում լինելը կնպաստի հանրային հեռարձակողի կողմից քաղաքացիական ինտեգրմանը աջակցող և Վրաստանի բազմազանությունը լուսաբանելու նպատակով իրականացրած գործունեությանը»,- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Վրաստանում գործող՝ հայկական, ադրբեջանական, օսական, քրդական, ասորական, ռուսական, ուկրաինական, եզդիական, քիստերի, ուդիների, գերմանական, լեհական, լիտվական և այլ էթնոսների կազմակերպությունների ղեկավարները: