Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունում մի քանի հազար սոցիալապես անապահով մարդկանց կկարողանանք աշխատանքի տեղավորել. Օթար Շամուգիա
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունում մի քանի հազար սոցիալապես անապահով մարդկանց կկարողանանք աշխատանքի տեղավորել. Օթար Շամուգիա

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, որպես նախարար, աշխատանքային հանդիպում է ունեցել նախարարության դեպարտամենտների և նախարարության համակարգում գործող գերատեսչությունների ղեկավարների հետ։

Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը նախարարը խոսել է աշխատանքային ծրագրերի մասին։ Օթար Շամուգիան շեշտը դրել է սոցիալական նպաստ ստացող աշխատունակ մարդկանց համար զբաղվածության ծրագրի վրա:

«Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ մենք աշխատել ենք սոցիալապես անապահով բնակչության զբաղվածության հարցերով։ Մարտի 1-ից մեկնարկող ծրագրի շրջանակներում մեր գործակալությունը պատրաստ է մի քանի հազար մարդու ներգրավել հասարակական գործունեությանը, առաջարկել նրանց կոնկրետ աշխատատեղեր, որոնք թույլ կտան ակտիվորեն իրացնել իրենց ներուժը»,- ասել է Օթար Շամուգիան։

Ինչպես նշել է նախարարը, հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը և գյուղատնտեսության ոլորտում գարնանային աշխատանքներին առնչվող հարցեր։

«Մեզ համար առաջնահերթություն է ռեկուլտիվացիոն ենթակառուցվածքների զարգացումը և շատ շուտով կունենանք լայնածավալ աշխատանքների կոնկրետ ծրագիր, որը կներկայացնենք աշխատանքային խմբին։ Կարևոր է նաև նշել, որ բոլոր համապատասխան կառույցները պատրաստ են գարնանային աշխատանքների մեկնարկին։ Մենք համակարգված ենք ֆերմերների հետ և անելու ենք հնարավորը՝ աջակցելու գարնանային համապատասխան աշխատանքների անխափան իրականացմանը»,- ասել է նախարարը։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարի հանձնարարությամբ համակարգում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարներն առաջիկայում կներկայացնեն նախաձեռնություններ և տեսլականներ, որոնք մեծապես կնպաստեն արդյունավետ աշխատանքին և թիրախային հատվածի կարիքների բավարարմանը։