«Շպիգել». Ռումինիայում ձերբակալված ուկրաինացի տղամարդը, ով Բեռլինի մերձակայքում գտնվող թաքստոց է հասցրել զենք և ռազմամթերք, քննության վարկածով՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող գործակալական ցանցի աշխատակից է
Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվածը կասկածվում է պայթուցիկ սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելուն ուղղված դավադրությանն աջակցելու/մասնակցելու մեջ:
«Շպիգելը», հղում անելով Լեհաստանի քննչական մարմիններին, գրում է, որ ուկրաինական ծագումով 24-ամյա տղամարդը Լեհաստանից Բեռլին է մեկնել անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին, Բեռլինից արևելք ընկած ճանապարհից վերցրել է թողնված երկու ծանրոց, որոնցում եղել է հրազեն, այնուհետև այդ զենքը թողել է Բեռլինի հարավ-արևելքում՝ լճերից մեկի մոտակայքում պատրաստված ստորգետնյա թաքստոցում, որից հետո վերադարձել է Լեհաստան: Տղամարդը վերջերս Բուխարեստում ձերբակալվել է ուկրաինացի մեկ այլ անձի հետ միասին՝ ուկրաինական Nova Post-ի միջոցով պայթուցիկ սարքեր պարունակող ծանրոցներ ուղարկելու համար:
«Շպիգելը», հղում անելով Ռումինիայի հետախուզական ծառայությանը, գրում է, որ կասկածյալը և նրա հետ ձերբակալված երկրորդ անձը պատկանում են Ռուսաստանի պետական ծառայությունների կողմից վերահսկվող դիվերսանտների խմբին, որոնց թիրախը եվրոպական երկրներն են:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը անցյալ շաբաթ արված հայտարարության մեջ չի բացառել օտարերկրյա ուժերի ներգրավվածությունը և կասկածյալին անվանել է «ցածր օղակի գործակալ», ով հիերարխիայից ելնելով պատշաճ տեղեկացված չէ: Նրա խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է պայթուցիկ սարքի միջոցով ահաբեկչության նախապատրաստմանը աջակցելու համար: Ալեքսանդր Դոբրինդտի փոխանցմամբ՝ քննարկվում է նրան Գերմանիա արտահանձնելու հարցը: