«Շպիգել» պարբերականի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփը հնարավոր է չմասնակցի ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, եթե անդամ պետությունները չավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը

20:34, 02.05.2025

Դոնալդ Թրամփը հնարավոր է բաց թողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե անդամ պետությունները չբարձրացնեն իրենց պաշտպանական ծախսերը, – այս մասին գրում է «Շպիգել»-ը։

Ինչպես նշում է պարբերականը, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նոր դեսպան Մեթյու Վիտակերը հավանաբար հայտնել է գերմանական կողմին, որ Դոնալդ Թրամփը հնարավոր է չմասնակցի դաշինքի առաջիկա գագաթնաժողովին, եթե անդամ երկրները չհայտարարեն պաշտպանության ծախսերի ավելացման մասին։

Շպիգելի աղբյուրների համաձայն՝ Վիտակերը բոլոր հանդիպումների ընթացքում շեշտում է ԱՄՆ վարչակազմի պահանջը, որպեսզի անդամ պետությունները պարտավորվեն պաշտպանական նպատակներով ծախսել ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը։

«Սկզբում գերմանացիները կարծում էին, թե ամերիկացիները 5 տոկոսի մասին լրջորեն չեն խոսում, և դա ընդամենը բանակցային մարտավարություն է։ Այժմ նրանք հավատում են Վիտակերի խոսքին, նույնիսկ երբ նա ասում է, որ Թրամփը չի գա հունիսին կայանալիք գագաթնաժողովին, եթե այդ ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի մյուս երկրները չփոխեն իրենց դիրքորոշումը», – գրում է պարբերականը։

Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը իշխանության գալուց հետո պահանջում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից բարձրացնել իրենց պաշտպանական ծախսերը առնվազն մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսը։ Ընդ որում, ապրիլի սկզբին Լեհաստանը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփից ստացել է հաստատում իր մասնակցության վերաբերյալ 2025 թվականի հունիսին նախատեսված գագաթնաժողովին։ Ինչպես նշում է «Շպիգել»-ը, սպասվում է, որ գագաթնաժողովին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ