«Շպիգել»․ Լրտեսության մեղադրանքով ձերբակալված Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավարը գաղտնի տեղեկատվությունը, հավանաբար, փոխանցել է Ադրբեջանում գտնվող գործակալին
Լրտեսության և պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով ձերբակալված Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հանինգը գաղտնի տեղեկատվությունը, հավանաբար, փոխանցել է Ադրբեջանում գտնվող գործակալին։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Շպիգել» պարբերականը։
Հրատարակության հետաքննության համաձայն՝ հետախուզական ծառայության նախկին ղեկավարն ապօրինաբար ձեռք է բերել ավելի քան 2000 գաղտնի փաստաթուղթ և այդ տվյալներն օգտագործել օտարերկրյա գործակալի հետ շփվելիս։ Der Spiegel-ի հետաքննության համաձայն՝ գաղտնի տեղեկատվությունը ձեռք բերելուց հետո, հավանաբար, փոխանցվել է Ադրբեջանում գտնվող կոնտակտին։
Գերմանիայի դատախազության հետաքննության համաձայն՝ Հանինգը գաղտնի կարգավիճակ ունեցող փաստաթղթերը ձեռք է բերել BND-ի իր աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ․-ի միջոցով և դրանք օգտագործել օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար գրավոր վերլուծություն պատրաստելու համար։
«Շպիգելի» տվյալներով՝ ենթադրյալ պատվիրատուն եղել է ադրբեջանցի հետախուզության սպա։
Հատկանշական է, որ 2025 թվականի հուլիսից Հանինգը հանդիսանում է Գերմանա-ադրբեջանական ֆորումի խորհրդի անդամ։
Հանինգի փաստաբանը մեղադրանքների առնչությամբ առայժմ մեկնաբանություն չի արել։ BND-ի նախկին ղեկավարին սպառնում է վեց ամսից մինչև տասը տարի ժամկետով ազատազրկում։
Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայում դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Աուգուստ Հանինգը ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով։ Հանինգը Գերմանիայի հետախուզական գերատեսչությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։