Շովիում տեղի ունեցած աղետի առնչությամբ գործարկվել է թեժ գիծ՝ 598 913 089
Երեկ Օնիի քաղաքապետարանում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունեցել Շովիում տեղի ունեցած աղետի կապակցությամբ։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Խորհրդակցությանը ներկա էին Ներքին գործերի փոխնախարարներ Իոսեբ Ճելիձեն և Գիորգի Բութխուզին, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, Ներքին գործերի նախարարության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանական բաժանմունքի տնօրեն Զազա Ցխակաիան։
«Հանդիպմանը քննարկվել են Օնիի մունիցիպալիտետում, աղետի գոտում իրականացվող փրկարարական միջոցառումները, պլանավորվել են հետագա անելիքները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ընդունված որոշման արդյունքում ստեղծվել է թեժ գիծ, որը կաշխատի 24 ժամ։
Բնակչությանը կոչ ենք անում, եթե տեղեկություններ ունեն անհետ կորածների մասին, կապ հաստատեն մեզ հետ նշված հեռախոսահամարով՝ 598 913 089»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։