Շովիում աղետի գոտում այս պահի դրությամբ յոթ մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը։
«Ցավոք, այս պահի դրությամբ յոթ մահացած է հայտնաբերվել։ Շատ բարդ իրավիճակ է։ Ցավոք, 30-ից ավելին դեռ փնտրում են, բայց մենք կտեսնենք և կսպասենք արդյունքներին: Ակտիվ աշխատանքներ են տարվում»,- ասաց վարչապետը։
Փրկարարները նախօրեին աղետի գոտում մահացած երկու հոգու են հայտնաբերել, այսօր առավոտյան եւս հինգ մարդու։
Օնիի մունիցիպալիտետում երկրորդ օրն է՝ շարունակաբար իրականացվում է որոնողափրկարարական գործողություն, որին ներգրավված են շուրջ 400 հրշեջ-փրկարարներ և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Այսօր ժամը 06:00-ից փրկարարական աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։