Շիո Երրորդ. Հազարավոր գայթակղություններ փորձում են փոխարինել հավատքն ու արժեքները, նման ժամանակներում մենք պետք է հիշենք, որ Աստծո սերն ու արդարությունը բարոյական արժեքներ են, որոնց էությունը չի փոխվում

12:50, 02.10.2026

Շնորհավորում եմ Վրաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ: Ողջունում եմ տարբեր երկրներից ժամանած հոգևորականներին, խորհրդարանական պատվիրակությունների, Եվրոպայի քրիստոնեական եկեղեցիների և միջազգային եկեղեցական կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ կիսում են այս հոբելյանական տարվա ուրախությունը,- այս մասին «Եվրոպական քաղաքակրթության հիմքերը և քրիստոնեության 1700-ամյակը Վրաստանում» միջազգային համաժողովի իր ելույթում հայտարարել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը:

Նրա խոսքով՝ այսօրվա համաժողովը, բացի բացառիկ պատմական իրադարձության հիշատակումից, վրացիների բազմադարյա քրիստոնեական ուղու, այն հոգևոր ու պետական ժառանգության կարևորության գիտակցումն է, որը ձևավորել է ազգի դիմագիծը և դարձել նրա ինքնության գլխավոր հիմքերից մեկը:

«1700 տարի առաջ մեր նախնիների կայացրած վճռական որոշումն անշեղորեն սահմանեց Վրաստանի արժանի տեղը համաշխարհային քաղաքակրթությունների շարքում: Դեռևս առաջին դարում Տիրոջ պատմուճանի առկայությամբ և Սուրբ Աստվածածնի վիճակահանությամբ Վրաստանին բաժին ընկնելով՝ դրվեց Քրիստոսի սիրով սնվող այս բազմադարյա ուղու հիմքը: Սուրբ առաքյալներ Անդրեաս Առաքյալի, Սիմոն Կանանացու և Մախաթայի քարոզներով վրաց ժողովուրդը հաղորդվեց Քրիստոսի լույսին, իսկ ավելի ուշ՝ չորրորդ դարում, առաքելահավասար կույս Նինոյի վաստակով մեր ազգի սրտում հավերժ դրոշմվեց Փրկչի հավատքը: Քրիստոնեությունը դարձավոչ միայն մարդու հոգևոր կյանքի, այլև ամբողջ երկրի մշակութային ու հասարակական մտածողության որոշիչ գործոնը: Այն ձևավորեց հնագույն և ինքնատիպ մշակույթ ունեցող վրաց ժողովրդի աշխարհայացքն ու ազգային-դավանաբանական ինքնությունը. քրիստոնեական արմատների վրա ձևավորվեց ու զարգացավ վրացական հետագա ողջ դպրությունը, արվեստը, մշակույթը, կրթությունն ու հասարակական միտքը:

Քրիստոնեությունը մեզ տվեց բազմաթիվ գործիչներ ու սրբեր, մեծ ու նվիրյալ անհատներ: Այդ ժամանակից ի վեր անցել են փոթորկալից դարեր, բազմաթիվ մեծ ու փոքր երկրներ ջնջվել են երկրի երեսից և կորել ժամանակի հորձանուտում, բայց Քրիստոսի հավատքով սնված և քրիստոնեական արժեքներով զինված վրաց ժողովուրդն այնուամենայնիվ կարողացավ պահպանել հավատքը, լեզուն և հայրենիքը: Քրիստոնեական մտածողությունն ու հավատքը բոլորովին այլ հոգևոր ու բարոյական բովանդակություն հաղորդեցին եվրոպական քաղաքակրթությանը: Մեր երկիրն իր աշխարհագրական դիրքով և պատմությամբ ի սկզբանե գտնվել է տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում: Վրաստանը դարեր շարունակ զարգացել է Բյուզանդիայի, Քրիստոնեական Արևելքի և Եվրոպայի հարուստ աստվածաբանական, ինտելեկտուալ ու մշակութային մտքի ընդհանուր տարածությունում: Այս կապով վրաց ժողովուրդը, մի կողմից, պահպանեց իր ինքնատիպությունը, իսկ մյուս կողմից՝ ուրույն ավանդ ներդրեց համաշխարհային քրիստոնեության հոգևոր գանձարանում:

Ժամանակակից աշխարհը մեզ նոր մարտահրավերների առջև է կանգնեցնում. պատերազմները, հակամարտությունները, թշնամանքն ու հազարումի փորձություններ ձգտում են փոխարինել հավատքն ու բարոյական արժեքները: Նման պահերին պետք է հիշենք, որ Աստծո և մերձավորի հանդեպ սերը, գթասրտությունը, պատասխանատվությունը, արդարությունը, հանդուրժողականությունը, մարդկանց միջև խաղաղության ձգտումը քրիստոնեական ուսմունքի վրա հիմնված այն բարոյական արժեքներն են, որոնց էությունը, չնայած ժամանակի անցողիկությանը, չի փոխվում:

Խիստ ողջունելի է, որ այս համաժողովի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի կարևոր արժեքների, ինչպիսիք են ընտանիքի ինստիտուտը և ավանդական արժեքները: Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ մարդը սովորում է սեր, հավատարմություն, պատասխանատվություն, հարգանք և հոգատարություն մյուսների հանդեպ: Ընտանիքը ոչ միայն անձնական տարածք է, այլև բարոյականության և ազգային ինքնության հիմքը: Հենց ընտանիքի ամրությունն է պայմանավորում հզոր ևմիասնական պետությունը: Այսօր հասարակությանն առանձնապես անհրաժեշտ է, որ եկեղեցին, հասարակական և պետական ինստիտուտները կարողանան փոխադարձ հարգանքով քննարկումներ ծավալել նման թեմաների շուրջ: Սա մեծապես կօգնի ժամանակակից աշխարհի առջև ծառացած կարևորագույն հարցերի վերաբերյալ քրիստոնեական ուսմունքի առավել խորը գիտակցմանը, ընտանիքի ինստիտուտի աջակցմանն ու ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության ուժեղացմանը:

Մաղթում եմ, որ համաժողովի աշխատանքն ընթանա հենց այս տեսլականով, և մեկ անգամ ևս ի ցույց դրվի Վրաստանի՝ որպես քսանդարյա քրիստոնեական պատմություն ունեցող երկրի տեղն ու կարևորությունը եվրոպական քաղաքակրթության մեջ: Աստված օրհնի և ուրախացնի ձեզ: Խաղաղության Աստվածը թող լինի ձեզ հետ»,- հայտարարել է Շիո III-ը:

Նմանատիպ