Շարունակվում է սոցիալապես անապահով թոշակառուների դեղամիջոցների ֆինանսավորման ծրագիրը
Սոցիալապես անապահով կենսաթոշակային տարիքի այն անձանց համար, որոնց վարկանիշային միավորը, ըստ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայի, չի գերազանցում 200 հազարը, այս տարի շարունակվում է դեղերի ֆինանսավորման ծրագիրը։ Այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նախորդ տարի ծրագրից օգտվել է 21 034 թոշակառու, ֆինանսավորվել է 8 842 176 լարիի դեղորայք։
«Ծրագիրը, որը մենք սկսել ենք անցյալ տարի, շարունակվում է այս տարի ևս և նախատեսում է սոցիալապես անապահով թոշակառուների համար անհրաժեշտ դեղերի ապահովումը։ Այդ նպատակով ամեն տարի տրվում է 500 լարիի ոչ նյութական վաուչեր։ 2022 թվականին այս ծրագրից օգտվել է ավելի քան 21 հազար մարդ»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Կախա Կալաձեն կոչ է արել կենսաթոշակային տարիքի թոշակառուներին, ովքեր ունեն համապատասխան սոցիալական վարկանիշային միավորներ, օգտվել նշված ծրագրից։
«Քաղաքապետարանը կոչ է անում Թբիլիսիում գրանցված կենսաթոշակային տարիքի անձանց, որոնց վարկանիշային միավորը, ըստ Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայի, չի գերազանցում 200 հազարը, օգտվել դեղորայքի ֆինանսավորման ծրագրից։ Ծրագրից օգտվելու համար շահառուն կամ նրա ներկայացուցիչը պետք է խորհրդակցի բժշկի հետ՝ որոշելու համար անհրաժեշտ դեղամիջոցները, և նրա կողմից էլեկտրոնային եղանակով տրված առողջական տեղեկանքի հիման վրա շահառուն կկարողանա դեղը ձեռք բերել ցանկալի դեղատանը։ Իհարկե, նրանք տարվա ցանկացած ժամանակ կարող են օգտագործել այդ գումարը և ծախսել իրենց որոշումներով։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում այն քաղաքացիներին, ովքեր համապատասխանում են վերը նշված չափանիշներին, օգտվել այս ծրագրից»,- ասել է Կախա Կալաձեն։