Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը ժամանել է Վրաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը, մասնակցելով Վրաստանում Եվրոպական միության միջնորդությամբ անցկացվող քաղաքական երկխոսությանը, գտնվում է Թբիլիսիում:

Ինչպես Դանիելսոնը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողներին ասաց, նա ուրախ է ժամանել Վրաստան և անհամբերությամբ է սպասում քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությանը:

«Ուրախ եմ, որ կրկին Վրաստանում եմ: Այս օրերին ես անհամբեր սպասում եմ այստեղի քաղաքական կուսակցությունների հետ աշխատելուն: Ես հիմա այլևս ոչինչ չեմ ասի, բայց ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ այսօրվա իմ զրույցին», – ասաց Դանիելսոնը:

Դանիելսոնի այցի նպատակը մարտի 1-ին նախագահ Միշելի նախաձեռնած վերսկսված քաղաքական երկխոսությանը ներգրավվելն է բոլոր կողմերի ղեկավարների հետ: Քաղաքական կուսակցությունների հետ երկխոսությանը մասնակցելուց բացի, պարոն Դանիելսոնը կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Դանիելսոնը Վրաստանում կմնա մինչև մարտի 14-ը: