Շառլ Միշելը հայտարարում է, որ չի մասնակցելու Եվրախորհրդարանի ընտրություններին և մինչև իր լիազորությունների ավարտը կմնա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին, այս մասին Միշելը գրում է սոցցանցում։
Սոցցանցում հրապարակված ընդարձակ հայտարարության մեջ Միշելը նշում է, որ կմնա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում մինչեւ իր լիազորությունների ավարտը։
Նրա խոսքով, ընտրություններին մասնակցելու նախնական որոշումը համատեղելի է եղել գործող պարտականությունների հետ, սակայն քննադատությունները ստիպել են նորից մտածել:
«Իմ ընտրությունը լրատվամիջոցների բուռն ուշադրության և շահարկումների պատճառ է դարձել: Ես դա նկատի ունեի՝ հաշվի առնելով իմ քայլի աննախադեպ բնույթը, բայց դա նաև ծայրահեղ արձագանքներ առաջացրեց ոչ միայն Եվրոպական խորհրդի ներսում, այլև դրանից դուրս: Ես չեմ ուզում, որ այս որոշումը մեզ շեղի մեր նպատակից կամ խաթարի այս ինստիտուտը։ Եվրաընտրություններին ես թեկնածու չեմ լինելու: Ամբողջ ուժերս կներդնեմ իմ ընթացիկ պարտականություններին, մինչև ժամկետի ավարտը։ Ես միշտ կլինեմ ժողովրդավարական, ուժեղ և միացյալ Եվրոպայի բուռն ջատագովը: Այս մանդատի ավարտին ես կդիտարկեմ իմ հետագա պարտավորությունների ուղղությունը»,- գրել է Միշելը։