Շառլ Միշել. Որոշումների ժամանակն է, կոչ եմ անում բոլորիդ, եկեք գագաթնաժողովին փոխզիջման ոգով, հավաքական պատասխանատվության զգացումով, առաջ դնենք Եվրամիության շահերն ու արժեքները
Շառլ Միշել. Որոշումների ժամանակն է, կոչ եմ անում բոլորիդ, եկեք գագաթնաժողովին փոխզիջման ոգով, հավաքական պատասխանատվության զգացումով, առաջ դնենք Եվրամիության շահերն ու արժեքները

Որոշումների ժամանակն է, կոչ եմ անում բոլորիդ, եկեք գագաթնաժողովին փոխզիջման ոգով, հավաքական պատասխանատվության զգացումով, առաջ դնենք Եվրամիության շահերն ու արժեքները,- այս մասին ասված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նամակում, որը նա ուղարկել է Եվրամիության անդամ երկրների առաջնորդներին՝ նրանց գագաթնաժողովին հրավիրելու համար։

«Մեզ սպասում է Եվրոպական խորհրդի վճռական հանդիպումը։ Որոշումների ժամանակն է, կոչ եմ անում բոլորիդ, եկեք գագաթնաժողովին փոխզիջման ոգով, հավաքական պատասխանատվության զգացումով, առաջ դնենք Եվրամիության շահերն ու արժեքները։ Անհամբեր սպասում եմ ձեզ Բրյուսելում»,- իր նամակում գրել է Շառլ Միշելը։

Եվրախորհրդի նախագահը նշում է, որ Եվրամիությունը պետք է համաձայնի Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու և անդամակցության մյուս դիմողների համար կարևոր որոշումներ կայացնելուն։

«2022 թվականի փետրվարի 21-ը շրջադարձային էր Եվրոպայի պատմության մեջ։ Մեր մայրցամաքում պատերազմի սկսվելուց ի վեր մենք մի քանի աննախադեպ որոշումներ ենք ընդունել՝ աջակցելու Ուկրաինային և միաժամանակ ամրապնդելու եվրոպական ինքնիշխանությունը։ 19 ամիս անց մենք դեռ կանգնած ենք համարձակ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առաջ։ Դա պահանջում է մեր հավաքական ուժն ու ամրությունը, ինչպես նաև քաջություն՝ ճիշտ ընտրություն կատարելու համար: Մենք պետք է կատարենք մեր պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ, շարունակենք մնալ հուսալի և ուժեղ գործընկեր։ Մենք պետք է շարունակենք կայուն քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և, մասնավորապես, համաձայնել 50 միլիարդ եվրո տրամադրել նրա երկարաժամկետ կայունության համար։ Մենք պետք է համաձայնվենք նաև Ուկրաինայի հետ անդամակցության բանակցություններ սկսելուն՝ անհրաժեշտ ազդանշան ուղարկելով նրան եվրոպական ընտանիքին մոտեցնելու համար։ Մենք նաև պետք է կարևոր որոշումներ կայացնենք անդամության այլ դիմորդների համար: Միևնույն ժամանակ, եկեք աշխատենք, որպեսզի մեր միությունը պատրաստ լինի ապագային և ողջունենք նոր անդամներին»,- ասված է Շառլ Միշելի նամակում։

Շառլ Միշելի խոսքով՝ գագաթնաժողովի օրակարգում կլինեն նաեւ Մերձավոր Արեւելքի ընթացիկ իրադարձությունները։