Շառլ Միշել. Վիկտոր Օրբանն Ուկրաինայում շարունակվող պատերազմի շուրջ բանակցություններում ԵՄ-ի անունից հանդես գալու մանդատ չունի
Շառլ Միշել. Վիկտոր Օրբանն Ուկրաինայում շարունակվող պատերազմի շուրջ բանակցություններում ԵՄ-ի անունից հանդես գալու մանդատ չունի

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատասխանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նամակին, որում նա նշել է, որ Օրբանը ԵՄ մանդատ չունի Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ բանակցությունների հետ կապված : Այս մասին հայտնում է Ռոյթերսը։

«Խորհրդի ռոտացիոն նախագահությունը որևէ դեր չի խաղում Միությունը միջազգային ասպարեզում ներկայացնելու գործում և չի ստացել Միության անունից հանդես գալու մանդատ»,- ասվում է Շառլ Միշելի նամակում։

Սակայն, ինչպես գրում է Ռոյթերսը նամակի հիման վրա, Միշելը մերժել է Օրբանի այն հայտարարությունը, թե Եվրամիությունը «պատերազմամետ» քաղաքականություն է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ։

«Լրիվ հակառակն է. Ռուսաստանն ագրեսորն է, իսկ Ուկրաինան՝ զոհը, որն իրացնում է ինքնապաշտպանության օրինական իրավունքը»,- գրում է Միշելը։

Եվրախորհրդի նախագահի խոսքով, Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի և Եվրամիությունը հետևողականորեն փորձել է լայն միջազգային աջակցություն ստանալ համապարփակ, արդար և տեւական խաղաղության համար»։

«Միությունը ջանք չի խնայում այս համատեքստում բոլոր գործընկերների հետ կապ հաստատելու համար, այդ թվում՝ Չինաստանի»,- գրում է Միշելը։

Տեղեկության համար Վիկտոր Օրբանը նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, որում առաջարկել է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։