Շառլ Միշել. Մենք քննարկում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության դիմումը, մենք կաջակցենք եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ձեր ձգտմանը
Մենք դիտարկում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության հայտը։ Մենք կկանգնենք ձեր կողքին, կամրապնդենք մեր կապերը և կաջակցենք եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ձեր ձգտմանը, – ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Վերսալում, Էմանուել Մակրոնի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, այսօր Վերսալում քննարկվել են մի քանի կարեւոր հարցեր:
«Եվրոպան գտնվում է բարդ ժամանակաշրջանում, քանի որ մենք հետևում ենք մայրցամաքի պատերազմին։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության միասնությունն այժմ կենսական նշանակություն ունի։ Այս հանդիպումը Վերսալում տեղի է ունենում պատերազմից երկու շաբաթ անց, և մենք ցույց ենք տվել մեր միասնությունը, համերաշխությունը և Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցների ճնշումը։ Մենք այս կերպ աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին։ Մենք ունենք մեր եվրոպական հավակնությունները, 500 միլիոն եվրո ենք հատկացրել Ուկրաինային և քննարկում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության դիմումը։ Մենք կկանգնենք ձեր կողքին, կամրապնդենք մեր կապերը և կաջակցենք եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ձեր ձգտումներին։
Մենք այսօր քննարկել ենք երեք կարևոր հարց. Դա առաջին հերթին էներգետիկ կախվածության հարցն է։ Մենք վաղուց կանգնած ենք այս մարտահրավերի առաջ։ Մեր նպատակն է այլևս կախված չլինել Ռուսաստանից էներգետիկ հարցում, և մեզ անհրաժեշտ է նոր պլան գալիք ձմռան համար։ Այս հարցում բոլորս համաձայն ենք։ Երկրորդ հարցը ԵՄ միասնական պաշտպանական համակարգն է։ Այս մասին մենք վաղուց ենք խոսում, և դա նոր էջ կլինի Եվրոպայի համար, քանի որ Վերսալում քննարկվելիք հարցերից մեկն էր Եվրոպայի անվտանգության հարցը։ Այս երկու հարցերը կարևոր էին մեր օրակարգում։ Երրորդը մեր տնտեսության համախմբումն է, որը ծառայում է մեր տնտեսական առաջընթացին։ Այստեղ ենթադրվում է նաև տեխնոլոգիական առաջընթաց։ Առաջընթացը, խաղաղությունն ու անվտանգությունը հիմնական խնդիրն է, և մենք պետք է ինքնուրույն սահմանենք մեր էներգետիկ անկախությունը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ հարցերի շուրջ, և վայրը խորհրդանշական է, քանի որ մենք գտնվում ենք Եվրոպայի պատմական սրտում՝ Վերսալում, և այստեղ մենք քննարկում ենք եվրոպական նոր հավակնությունները, նոր ծրագրերը»,- ասաց Շառլ Միշելը։