Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում հյուրընկալել է Վրաստանի դեսպաններին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին 2025 թվականի դեսպանների կոնֆերանսի շրջանակներում աշխատանքային սեսիայի ձևաչափով հյուրընկալել է Վրաստանի դեսպաններին խորհրդարանում։
Աշխատանքային սեսիան բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել դեսպաններին և դեսպանատների աշխատակիցներին՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, երկկողմ այցերի պլանավորման և իրականացման, ինչպես նաև միջազգային հարթակներում կազմակերպված միջոցառումներում խորհրդարանական պատվիրակություններին ցուցաբերած արդյունավետ աջակցության համար։
Շալվա Պապուաշվիլին դեսպաններին ներկայացրել է խորհրդարանի օրենսդրական գործունեությունը։ Նա անդրադարձել է այն օրենքներին և դրանց փոփոխություններին, որոնք առնչվում են ինստիտուցիոնալ հարցերին, ժողովրդավարության պաշտպանության մեխանիզմներին, խորհրդարանի կանոնակարգին, նոր ընտրական օրենսգրքին և աշխատուժի միգրացիային։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ խորհրդարանը արձագանքում է ընթացիկ իրադարձություններին և գործընթացներին ու ընդունում է օրենքներ, որոնք համապատասխանեցնում են Վրաստանի Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին։
Սեսիայի երկրորդ մասը նվիրված է եղել խորհրդարանական դիվանագիտությանը։ Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն խոսել է խորհրդարանական դիվանագիտության երկկողմ և բազմակողմ ասպեկտների մասին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի մասնակցությանը խորհրդարանական վեհաժողովներին։
Աշխատանքային սեսիայի շրջանակում կարևորվել է խորհրդարանական բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդումը։
Աշխատանքային սեսիայի ավարտին խորհրդարանի նախագահը պատասխանել է դեսպանների հարցերին։
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը։