Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Շալվա Պապուաշվիլին իր առաջին աշխատանքային այցը կկատարի Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ ունենալու նպատակով։ Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի (NGC) նիստին։
Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով, կարևոր է, որ այս այցը համընկավ տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակի և նաև ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների հետ։
«Մեզ համար կարեւոր է առաջին աղբյուրից տեղեկություն ստանալ, թե ինչպես են ընթանում այս բանակցությունները, որքան ուժեղ է ՆԱՏՕ-ն Վրաստանին աջակցելու հարցում։ Մենք ցանկանում ենք խոսել ապագա հեռանկարների, զարգացման հնարավոր սցենարների, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկենք և՛ մենք, և՛ ՆԱՏՕ-ն՝ արագացնելու Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Սա անչափ կարևոր է, քանի որ այսօր բոլորը հասկանում են, որ Եվրոպայի անվտանգությունը կախված է Վրաստանի և Ուկրաինայի անվտանգությունից, հետևաբար այստեղ ձգձգումները և զիջումները անընդունելի են», – ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։
Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերայան, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։