Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանը ԵԱՀԿ-ի ակտիվ անդամ է և դրական է գնահատել ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը։
Ֆերիդուն Սինիրլիօղլուի խոսքով՝ ԵԱՀԿ-ն մեծ նշանակություն է տալիս Վրաստանում կայունությանը և անվտանգությանը։
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Վրաստանում ընթացող քաղաքական գործընթացները, խորհրդարանի օրենսդրական գործունեությունը և աշնանը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և բարգավաճում ապահովելու համար», – նշվում է խորհրդարանի կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են Ավստրիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանը, ԵԱՀԿ-ում և Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդրե Մաիսուրաձեն և արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։