Շալվա Պապուաշվիլին հանդիպել է UNDP-ի մշտական ներկայացուցիչ Նիկ Բերեսֆորդի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նիկ Բերեսֆորդի հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և UNDP-ի միջև առկա համագործակցության հետագա խորացումն ու ամրապնդումը։ Նշվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կարևոր ներդրումը Վրաստանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման, տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության և ճգնաժամերի կանխարգելման գործում։ Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Վրաստանում խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդում» ծրագիրը։ Նիկ Բերեսֆորդը խորհրդարանի նախագահին ներկայացրել է ծրագրի ընթացքը, ինչպես նաև համապատասխան աշխատանքներն ու ծրագրերը:
Հանդիպմանը ընդգծվել է գենդերային քաղաքականության կարևորությունը և այս հարցում խորհրդարանում Գենդերային խորհրդի աջակցության կարևորությունը, ինչպես նաև քաղաքացիական ներգրավվածության անհրաժեշտությունը: Զրույցի ընթացքում քննարկվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նշանակալի ներդրումը Վրաստանում մարդու իրավունքների մեխանիզմի ամրապնդման գործում։