Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի միջազգային հարցերով խորհրդականի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի միջազգային հարցերով խորհրդականի հետ

Այցով Լոնդոնում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Դեյվիդ Քուերիի հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում ընթացող զարգացումները և անվտանգության հետ կապված իրավիճակը։

«Վարչապետի խորհրդականի հետ զրուցել ենք անվտանգության հարցերի և Ուկրաինայի մասին, որն իր հերթին կապված է Վրաստանի հետ։ Այս առումով մենք ներկայացրել ենք Վրաստանի մասով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ռիսկերի տեսլականը, և որ դա կազդի մեր երկրի անվտանգության վրա։ Մենք մեր գործընկերներից լսել ենք, որ Վրաստանը մնում է Միացյալ Թագավորության ուշադրության կենտրոնում՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, և որ նրանք լիովին հասկանում են անվտանգության ռիսկերը, որոնք առկա են մեր երկրում և նրա շուրջը», – հանդիպումից հետո ասել է Շալվա Պապուաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով, Լոնդոնը լավ է հասկանում, որ տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ուկրաինայի հետ մեկտեղ դիտարկվում է նաև Վրաստանը։

«Սա մեզ համար կարևոր է, քանի որ բոլորը լավ են հասկանում, և հատկապես Լոնդոնում, որ Ուկրաինայի հարցը առանձին հարց չէ։ Այս դեպքում Ուկրաինայի հետ մեկտեղ նկատի ունեն Վրաստանը, մեր անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։ Հստակ ուղերձն այն էր, որ Բրիտանիան կշարունակի ակտիվորեն աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ջանքերին»,- ասել է Նիկոլոզ Սամխարաձեն։

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Նինո Ծիլոսանին, Գիորգի Խելաշվիլին և Թեոնա Աքուբարդիան, ինչպես նաև խորհրդարանի նախագահի կաբինետի ղեկավար Լևան Մախաշվիլին։