Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Տոբայա Էլվուդի և հանձնաժողովի անդամների հետ։
Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը նշվել է, որ Վրաստանի և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերություններում հատուկ տեղ է զբաղեցնում պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը։
«Շալվա Պապուաշվիլին նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը հաջող է ընթանում, և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից ուղարկված խորհրդականը զգալի ներդրում ունի Վրաստանի պաշտպանության նախարարության գործունեության բարելավման գործում։
Ընդգծվել է նաև բրիտանական կողմի ներգրավվածությունը Վրաստանի կիբերանվտանգության կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ Վրաստանի կիբերանվտանգության ազգային ռազմավարության մշակմանը։
Խորհրդարանի նախագահը խոսել է եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացի և իրականացվող բարեփոխումների մասին։
«Նշվել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականությունը և նրանից բխող սպառնալիքները, կարևոր է շարունակել արդյունավետ համագործակցությունը անվտանգության ոլորտում»,- նշել են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։