Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Սյույոկի հետ։
Հանդիպմանը կողմերը ողջունել են վրաց-հունգարական հարաբերությունների դրական դինամիկան։
Հունգարիայի նախագահի խոսքով՝ Վրաստանը Հունգարիայի համար կարևոր ռազմավարական գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Նա նշել է, որ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում երկու երկրներին էլ հաջողվել է պահպանել իրենց ազգային ինքնությունը, մշակույթը և լեզուն, և ընդգծել է Վրաստանի և Հունգարիայի միջև ամուր պատմական և կրոնական կապերը, որոնք նպաստում են ազգերի փոխըմբռնմանը։
Կողմերը քննարկել են վրաց-հունգարական հարաբերությունները առևտրատնտեսական, էներգետիկայի, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։ Շալվա Պապուաշվիլին ընդգծել է խորհրդարանական արդյունավետ համագործակցությունը։
Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ծրագրերին։ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը մինչև 2030 թվականը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը։
Հունգարիայի նախագահը հայտնել է իր ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու եվրոպական ապագային։
Հանդիպումը կայացել է Շալվա Պապուաշվիլիի և նրան ուղեկցող խորհրդարանական պատվիրակության Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Ուղեկցող պատվիրակության անդամներն են՝ խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, եվրոպական ինտեգրման կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին, բնագավառային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Իրակլի Մեզուրնիշվիլին և «Վրացական երազանք» խմբակցության նախագահի տեղակալ Գենրիետա Ծիծավա:
Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։