Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի Հարավային Կովկասի խորհրդարանական խմբի անդամների հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի Հարավային Կովկասի խորհրդարանական խմբի անդամների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Հարավային Կովկասի խորհրդարանական խմբի անդամների հետ։

Հանդիպմանը հանգամանորեն խոսվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող իրադարձությունների և անվտանգության ծանր իրավիճակի մասին։

Հարավային Կովկասի խորհրդարանական խմբի անդամները դրական են գնահատել Վրաստանի դերը տարածաշրջանային խաղաղության ապահովման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ուկրաինական պատերազմին և տարածաշրջանի համար դրա հետևանքներին։

Շալվա Պապուաշվիլին խոսել է Վրաստանի ջանքերի մասին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել ԵՄ 12 հանձնարարականների կատարումը և ընդգծել Գերմանիայի աջակցության կարևորությունը։

Այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ, երկկողմ հանդիպումներ է անցկացնում Գերմանիայի մայրաքաղաքում քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։