Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռոբին Դաննիգանի հետ

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռոբին Դաննիգանի հետ։

Շալվա Պապուաշվիլին հաջողություն է մաղթել Ռոբին Դանիգանին իր նոր աշխատանքում և ցանկություն է հայտնել սերտորեն համագործակցել նրա հետ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ։

ԱՄՆ նոր դեսպանը նշել է, որ ամերիկյան կառավարությունն ու նրա առաքելությունն էլ ավելի կամրապնդեն հարաբերությունները Վրաստանի հետ բոլոր ուղղություններով, և այդ առումով պատրաստ է ակտիվ աշխատել Վրաստանի խորհրդարանի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի խորհրդարանի օրակարգը, երկրում տեղի ունեցող իրադարձությունները, ԱՄՆ նոր դեսպանի ծրագրերը և երկու երկրների միջև խորհրդարանական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։ Խոսվել է նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։