Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Արտաքին գործերի նախարարը շնորհավորել է վրացական կողմին Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ խաղում տարած հաղթանակի կապակցությամբ և նշել, որ Վրաստանն Ադրբեջանում շատ համախոհներ ունի։

«Կողմերը ընդգծեցին Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամական կապերը և հաստատեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը։

Կողմերը քննարկել են երկու երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները։ Նաև ուշադրություն է հրավիրվել Միջին միջանցքի՝ որպես էներգառեսուրսների փոխադրման արագ և հուսալի ճանապարհի աճող կարևորության վրա: Հանդիպմանը խոսվել է տրանսպորտային և էներգետիկ նախագծերի մասին։ Կարեւորվել է սեւծովյան սուզանավային մալուխի նախագիծը։

Հանդիպմանը նշվել է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։ Զրույցը շոշափել է խաղաղ համաձայնագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները»,- նշվում է Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության մեջ։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։

Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի անդամներ Նիկոլոզ Սամխարաձեն, Մարիամ Լաշխին, Սավալան Միրզոևը, Զաուր Դարգալին և Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։